Փոդքասթ – Ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության խանգարում
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Վաղ ախտորոշել հիվանդությունը
- Պատշաճ ուղղորդում իրականացնել
- Բուժման հսկողություն իրականացնել
- Ընտանիքի անդամների հետ պատշաճ աշխատանք վարել
- Ուսուցիչների հետ պատշաճ աշխատանք վարել
- Արդյունավետ համագործակցություն իրականացնել մանկաբույժների և հոգեբույժների հետ
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, հոգեբույժների, մանկական հոգեբույժների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս էպիզոդում մենք քննարկեցինք ուշադրության պակասի խանգարման եւ ուշադրության պակասի եւ գերակտիվության խանգարման հիմունքները: Էպիզոդի առաջին մասում մենք զրուցեցինք դոկտոր Լարի Յինի հետ, ով Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժության բաժնի վարիչն է և վարքի զարգացման մասնագետ: Դոկտոր Յինի հետ մեր զրույցում կլսեք, թե նա ինչպես է ներկայացնում խանգարման նշանները և ախտանիշները, ինչպես նաև ինչ խորհուրդ է տալիսախտորոշման գործիքների մասին: Այնուհետեւ զրույցը շարունակում ենք «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժ, բժիշկ Կարինե Լյուլեջյանի և մանկական վերականգնողական փորձագետ, վերականգնողական ծառայության ղեկավար, բժիշկ Գայանե Զաքարյանի հետ: Մենք զրուցում ենք Հայաստանում ուշադրության պակասի եւ գերակտիվության խանգարման հետ կապված նրանց փորձի, դիմադրող ծնողների հետ աշխատանքի և առկա դեղամիջոցների մասին: Նախքան էպիզոդին անցնելը ցանկանում ենք նշել, որ այս մեկը մեզ համար զարմանալիորեն դժվար էր պատրաստել: Գործնականում կային մի քանի տարբերություններ ուշադրության պակասի խանգարման եւ ուշադրության պակասի եւ գերակտիվության խանգարման վարման պրակտիկայում ԱՄՆ-ի և Հայաստանի փորձի միջև, հատկապես դեղորայքի հարցում: Հարգելի՛ ունկնդիրներ, տեղեկացնեմ, որ բժիշկ Յանի հետ զրույցում մենք քննարկում ենք խթանիչ դեղամիջոցներ, որոնք հասանելի չեն Հայաստանում: Մենք նաեւ անդրադառնում ենք հակափսիխոտիկ դեղամիջոցների օգտագործումը, որոնք ուշադրության պակասի եւ գերակտիվության խանգարման բուժման համար ԱՄՆ-ում կիրառելի չեն:
Թիմային քննարկման արդյունքում որոշեցինք զրույցները պահել այնպես, ինչպես կա, եւ ունկնդիրները կկարողանան համեմատել երկու երկրներում ընդունված պրակտիկան: Մենք գիտակցում ենք, որ ԱՄՆ-ում կիրառվող դեղամիջոցները Հայաստանում չկան։ Այսպիսով, առաջիկա տեղեկագրում և մեր կայքում մենք մեր ունկնդիրներին և ընթերցողներին կտրամադրենք ուշադրության պակասի խանգարման եւ ուշադրության պակասի եւ գերակտիվության խանգարման հնարավոր ոչ-դեղորայքային բուժման տարբերակները: Հիմա անցնենք զրույցներին:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ. Լարի Յին
Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժության բաժանմունքի վարիչն է: Նա վերահսկում է բաժնի ռազմավարական պլանավորումը, տեղեկատվության հավաքագրումը և ծրագրերի մշակումը, զբաղվում է վերապատրաստման և հետազոտական ծրագրերի ինտեգրմամբ և աջակցում է գիտական նպատակներին հետազոտության, կրթության և երեխաների շահերի պաշտպանության ոլորտում:Դոկտոր Յինը ստացել է բակալավրի կոչում Կալիֆոռնիայի համալսարանում, Ռիվերսայդում, բժշկական աստիճան՝ Սենթ Լուիսի համալսարանի բժշկական դպրոցում և մագիստրոսի կոչում UCLA Ֆիլդինգի հանրային առողջության դպրոցում: Դոկտոր Յինը նաև Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Զարգացման հաշմանդամության գերազանցության համալսարանական կենտրոնի տնօրենն է և Կալիֆոռնիայի նահանգապետի կողմից նշանակված պատասխանատու Զարգացման հաշմանդամության նահանգային խորհրդում: Դոկտոր Յինի հետազոտական և ակադեմիական հետաքրքրությունները ֆինանսավորվել են Առողջապահության ազգային ինստիտուտի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, Համայնքային կյանքի վարչակազմի և ԱՄՆ Առողջապահական ռեսուրսների և ծառայությունների վարչության կողմից: Դոկտոր Յինը իր աշխատանքային գործունեության մեծ մասը նվիրել է նյարդային զարգացման խանգարումներով և հատուկ կարիքներով երեխաների խնամքին և նրանց ցուցաբերած արդյունքների բարելավմանը: Նա հեղինակել է, համահեղինակել և նպաստել է զարգացման հաշմանդամության, աուտիզմի սպեկտրի խանգարման, մանկական գիրության և անապահով բնակչության առողջության անհամամասնություններին վերաբերող հարյուրավոր հրապարակումներ և աշատություններ: Դոկտոր Յինը Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի անդամ է, Մանկաբուժական հետազոտությունների միության անդամ և Ակադեմիական մանկաբուժական ասոցիացիայի անդամ: Դոկտոր Յինը արժանացել է Robert M. McAllister Faculty Mentoring Award մրցանակին 2017 թվականին և բազմիցս գնահատվել իր կատարած կրթական աշխատանքի համար:
Բժ. Կարինե Լյուլեջյան
Բժիշկ. Կարինե Լյուլեջյանը Արաբկիր բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հոգեբույժ է, «ԱրԲԵՍ» առողջության կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավարը: Մինչ «ԱրԲԵՍ» առողջության կենտրոնին միանալը շուրջ 20 տարի ղեկավարել է Հանրապետական մանկական հոգեբուժական դիսպանսերը, 2014-2018թթ եղել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական հոգեբույժը: Բժ. Լյուլեջյանը մանկաբույժի որակավորումը ստացել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Մասնակցել է 50-ից ավելի մասնագիտացված սերտիֆիկացված դասընթացների Հայաստանում եւ արտերկրում:
Բժ. Գայանե Զաքարյան
Բժիշկ Գայանե Զաքարյանը «ԱրԲեՍ» ԱԿ Վերականգնողական ծառայության ղեկավարն է 1999թ.-ից: Երեխայի զարգացման վերականգնման նրա փորձը հիմնված է սեփական կլինիկական մանկաբուժական երկարամյա պրակտիկայի վրա: Բժիշկ Զաքարյանն ակտիվորեն ներգրավված է եղել ՏԵՄՊՈՒՍ ծրագրում՝ Հայաստանում աշխատանքային թերապիայի ներդրման եւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում օկուպացիոն թերապիայի ամբիոնի ստեղծման եւ ուսումնական ծրագրի ձեւավորման գործում: ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական վերականգնողական ամբիոնների պրոֆեսոր է: Նա 1996թ.-ից Ուղեղային կաթվածի եւ զարգացման բժշկության ամերիկյան ակադեմիայի (AACPDM) միջազգային թղթակից անդամ է: Բժշկի կոչումը ստացել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Վերապատրաստվել է Միչիգանի համալսարանական հիվանդանոցի մանկական վերականգնողական բաժանմունքում: