Փոդքասթ - Բնածին ծուռթաթություն
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան․
- Նկարագրել բնածին ծուռթաթության էթիոլոգիան, դասակարգումը և հիմնական կլինիկական դրսևորումները
- Բացատրել ոտնաթաթի անատոմիական և բիոմեխանիկական առանձնահատկությունները ծուռթաթության համատեքստում
- Իրականացնել հիվանդի առաջնային զննում և տարբերակել բնածին ծուռթաթությունը ոտնաթաթի այլ դեֆորմացիաներից
- Կիրառել Պիրանիի գնահատման սանդղակը դեֆորմացիայի ծանրության գնահատման համար
- Ներկայացնել Պոնսետիի մեթոդի հիմնական սկզբունքները, փուլերը և բուժման նպատակները
- Բացահայտել բուժման ընթացքում հանդիպող առավել հաճախակի սխալները և կանխարգելել հնարավոր բարդություններն ու ռեցիդիվները
- Գնահատել բրեյսերի և հետագա վերականգնողական բուժման կարևորությունը երկարաժամկետ հաջող արդյունքների ապահովման գործում
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական օրթոպեդների համար:
Դասընթացի նկարագրություն
Բնածին ծուռթաթությունը (Congenital Clubfoot) մանկական օրթոպեդիայի տարածված բնածին դեֆորմացիա է, որը չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել շարժունակության խանգարումների։ Դասընթացը ներկայացնում է հիվանդության էթիոլոգիան, կլինիկական առանձնահատկությունները, ախտորոշման և բուժման հիմնական մոտեցումները՝ ընդգծելով վաղ հայտնաբերման և ժամանակին միջամտության կարևորությունը։ Քննարկվում են Պիրանիի գնահատման սանդղակը, Պոնսետիի մեթոդը, բարդությունների և ռեցիդիվների կանխարգելումը, ինչպես նաև բրեյսերի դերը երկարաժամկետ արդյունքների ապահովման գործում։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Վահե Յավրյան
Վահե Յավրյանը բարձրակարգ մանկական օրթոպեդ վիրաբույժ է` երեխաների օրթոպեդիկ հիվանդությունների բուժման երկարամյա փորձով: ԵՊԲՀ կրթությունը շարունակել է թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում՝ մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության օրդինատուրայով, որին հաջորդել է գիտահետազոտական աշխատանքը:
Նա ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն է մանկական օրթոպեդիայի գծով: Ունենալով ավելի քան երկու տասնամյակ մասնագիտական փորձ՝ բժիշկ Յավրյանը նշանակալի ներդրում ունի Հայաստանում մանկական օրթոպեդիկ խնամքի գործում: Ներկայումս նա աշխատում է որպես «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական օրթոպեդիկ բաժանմունքի վարիչ, որտեղ ղեկավարում է երեխաների և դեռահասների հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժման թիմը։ Իր կարիերայի ընթացքում բժ. Յավրյանը ակտիվորեն ներգրավված է եղել հետազոտությունների մեջ՝ դրանց արդյունքները ներկայացնելով միջազգային տարբեր գիտաժողովներում և համագործակցելով հայտնի հաստատությունների հետ, ինչպիսիք են Բազելի համալսարանական մանկական հիվանդանոցը և Այովա համալսարանը: Նա Եվրոպական մանկական օրթոպեդիկ միության և ուղեղային կաթվածի և զարգացման բժշկության ամերիկյան ակադեմիայի անդամ է: