Սրտի ֆունկցիոնալ հիվանդություններ
Կրթական նպատակներ
Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`
- Նկարագրել հիմնական ֆիզիոլոգիական աղմուկների բնորոշ նշանները
- Որոշել, թե հիվանդության պատմության և ֆիզիկական զննման նշաններից որո՞նք են վկայում ախտաբանական աղմուկների մասին
- Որոշել, թե ե՞րբ է անհրաժեշտ ուղղորդել մանկական սրտաբանի մասնագիտացված խորհրդատվության
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական և նորածնային սրտաբանների համար։
Դասընթացի նկարագրություն
Հակիրճ նկարագիր․ Երեխաների մեծամասնությունը իրենց կյանքի որոշակի շրջանում կարող են ունենալ սրտային աղմուկներ։ Այդ աղմուկները սովորաբար բարորակ, կամ ֆիզիոլոգիական են։ Այդուհանդերձ, ախտաբանական աղմուկը երբեմն կարող է լինել սրտի բնածին լուրջ հիվանդության միակ արտահայտությունը։ Այդ պատճառով ֆիզիոլոգիական և ախտաբանական աղմուկների միջև տարբերակումը շատ կարևոր է։ Այնպիսի անմեղ աղմուկների նշաններին ծանոթ լինելը, ինչպիսիք են Ստիլի աղմուկը կամ երակային հոսքի աղմուկը, հեշտացնում է հիվանդների հետագա ճիշտ հսկողությունը։ Հիվանդության պատմության այնպիսի կարևոր ախտանշանները, ինչպիսիք են ֆիզիկական տոլերանտությունը, դյուրհոգնելիությունը, սրտի բնածին հիվանդությունների ընտանեկան պատմությունը կամ սրտային հանկարծամահությունը, կարող են օգնել հիվանդության ախտորոշման հարցում։ Ֆիզիկական զննման նշանները, ներառյալ աղմուկի ծագման ժամանակը (սիստոլիկ / դիաստոլիկ), որակը (կոպիտ / փափուկ), ինչպես նաև Վալսալվայի կամ այլ մանևրների ժամանակ դրանց փոփոխությունը, շատ կարևոր դեր են խաղում դրանց ախտորոշման հարցում։ Էխոսրտագրությունը ցուցված է ախտաբանական աղմուկների ախտորոշման համար, և դեպքերի մեծամասնությունում ապահովում է հստակ ախտորոշում։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Արփինե Դավթյան
Արփինե Դավթյանը մանկական և նորածնային սրտաբան է Լոս – Անջելեսի Մանկական Հիվանդանոցի Սրտի Ինստիտուտում, ինչպես նաև Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Մանկական Սրտաբանության ամբիոնի դոցենտ է։ Գերազանցությամբ ավարտել է Ստենֆորդի Համալսարանը՝ Կենսաբանական գիտությունների մագիստրոսի կոչումով, ինչպես նաև ստացել է իր բժշկական աստիճանը Տոլեդոյի Համալսարանի Բժշկական Քոլեջից, որտեղ նա առաջադրվել է Ալֆա Օմեգա միությունում։ Նա ավարտել է մանկաբուժական ինտերնատուրան և օրդինատուրան Կալիֆորնիայի Համալսարանի Իրվայնի Օրինջ Քաունթիի մանկական հիվանդանոցում և վերապատրաստվել մանկական սրտաբանություն մասնագիտությամբ Կալիֆորնիայի Համալսարանի Սան Դիեգոի մանկական հիվանդանոցում։ Այնուհետև նա ավարտել է խորացված պատկերավորման լրացուցիչ մեկ տարվա վերապատրաստում՝ նորածնային սրտաբանության ոլորտում՝ Լոս – Անջելեսի Մանկական Հիվանդանոցում։ Բժշկուհի Դավթյանը հավատարմագրված մանկաբույժ է՝ մանկական սրտաբանության ոլորտում հավատարմագրված ենթամասնագիտացմամբ։