Երեխաների բերանի խոռոչի առողջություն
Կրթական նպատակներ
Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան՝
- Յուրացնել նորածինների և երեխաների դենտալ զարգացման նորմալ ժամանակացույցը
- Հասկանալ կարիեսի պաթոգենեզը և չբուժված կարիեսի հետևանքները
- Յուրացնել կարիեսի և գինգիվիտի կանխարգելման հիմնական միջոցառումները
- Հասկանալ, թե որ երեխաներն ունեն դենտալ պաթոլոգիաների զարգացման բարձր ռիսկ
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս առցանց դասընթացում կխոսվի ատամների աճի և զարգացման հիմնական փուլերի մասին՝ նեոնատալ շրջանից մինչև պուբերտատի տարիք, ներառյալ մանկական պոպուլյացիայում հանդիպող տիպիկ ստոմատոլոգիական կլինիկական նշանները։ Կքննարկվեն երեխաների մոտ բերանի խոռոչի առողջության հիմնական պաթոլոգիաները՝ դենտալ կարիես և գինգիվիտ, ներառյալ կարիեսի ռիսկի գնահատումը, պաթոգենեզը և կանխարգելումը։ Կներկայացվի նաև որոշ սոմատիկ պաթոլոգիաների ազդեցությունը հատուկ կարիքներով երեխաների օրալ առողջության և բուժման վրա։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
![Բժ․ Խոսե Պոլիդո](https://learnwithopen.org/wp-content/uploads/2024/08/CHLA-Jose-Polido-2-3.jpg)
Բժ․ Խոսե Պոլիդո
Դոկտոր Խոսե Կ․ Պոլիդոն Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի (CHLA) Ստոմատոլոգիական բաժանմունքի ղեկավարն է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հերման Օստրոուի անվան ստոմատոլոգիական դպրոցի կլինիկական ստոմատոլոգիայի դոցենտ՝ համատեղ պաշտոն զբաղեցնելով նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեք բժշկական դպրոցի մանկաբուժության ամբիոնում։ CHLA-ի Ստոմատոլոգիական բաժանմունքը տարեկան ավելի քան 3,500 երեխաների և դեռահասների տրամադրում է ամենօրյա և մասնագիտացված մանկական ստոմատոլոգիական և օրթոդոնտիկ օգնություն, որոնց մեծ մասը ունենում է մասնագիտացված բուժօգնության կարիք։ Դոկտոր Պոլիդոն CHLA-ում աշխատում է ավելի քան 20 տարի և իր կարիերան նվիրել է վաղ տարիքի և մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող երեխաների ստոմատոլոգիական խնամքին։ Որպես սերտիֆիկացված մանկական ստոմատոլոգ, նա հատուկ հետաքրքրություն ունի մանկական պոպուլյացիայի բուժօգնության հասանելիության խնդիրների նկատմամբ։ Նա կլինիկական ծրագրի տնօրենն է և CHLA կրանիոֆացիալ թիմի անդամ։ Վերահսկում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հերման Օստրոուի անվան ստոմատոլոգիական դպրոցի Մանկական ստոմատոլոգիայի մասնագիտացված ծրագրի ռեզիդենտների վերապատրաստումը CHLA-ում։ Դոկտոր Պոլիդոն Ատամնային և Կրանիոֆացիալ Հետազոտությունների Ազգային Ինստիտուտի կողմից ֆինանսավորվող U01 դրամաշնորհի՝ «Աուտիզմով երեխաների բերանի խոռոչի խնամքի բարելավման համար սենսոր ադապտացված ստոմատոլոգիական միջավայր» հետազոտության համահեղինակ է և պատասխանատու է հետազոտության մանկական ստոմատոլոգիական կլինիկական ծառայությունների համար։ Տիրապետում է անգլերենին, իսպաներենին և պորտուգալերենին։